Դատախազություն․ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու մասով քրգործ կա

Դատախազություն․ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու մասով քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման փաստով։

Նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու առթիվ հարուցված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) փաստական տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ:

Նշվում է, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի տարածքներ:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված մոտ 2000-ից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի ԶՈւ հետ ներգրավվել են Արցախի դեմ ռազմական գործողություններում:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Ահաբեկչության ֆինանսավորում) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Նշվում է, որ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետևանքները կենսագործելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքոմ Թուրքիան վարձկաններ է հավաքգրել Սիրիայում և ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ կռվելու համար։ Թուրքիայի կողմից վարձկանների հավաքգրման փաստը փաստել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---