Ալիև․ 17 տարի մեզ արտաքին ուժերն ասում էին՝ վերցրեք ձեր 5 շրջանը և բավարարվեք, մինչև ԼՂ անկախության հարցը լուծեք

Ալիև․ 17 տարի մեզ արտաքին ուժերն ասում էին՝ վերցրեք ձեր 5 շրջանը և բավարարվեք, մինչև ԼՂ անկախության հարցը լուծեք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային փուլում իրեն միջազգային հանրությունն ինչ տարբերակներ է առաջարկել որպես լուծում։ Moscow-baku.ru-ն գրում է՝ նա նշել է, որ իրեն առաջարկում էին վերցնել 5 շրջանը* և բավարարվել դրանով՝ հաշվի առնելով, որ առաջին պատերազմում Հայաստանը հաղթել է։

*Խոսքը Ղուբաթլիի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանների մասին է։

«Կարող եմ ասել, որ այս 17 տարում (2002 թվականից-խմբ․) տարբեր տեղերից, արտաքին շրջանակներից բազմակի ազդակներ ենք ստացել, որ վերցրեք հիմա 5 շրջանը և բավարարվեք դրանով։ Դուք պարտվել եք պատերազմում, Հայաստանը հաղթել է (նկատի ունեին առաջին ղարաբաղյան պատերազմը,- խմբ.), հաշտվեք իրականության հետ։ 5 շրջան, որոնք ձեզ հիմա խոստանում են, արդեն մեծ բան է, դուք ստանում եք դրանք, իսկ Լաչինը և Քելբաջարը (Քարվաճառը) մնում են հետո, երբ Ղարաբաղին անկախություն կտաք, այդ ժամանակ էլ արդեն կվերադարձվեն այդ շրջանների մասը»,- մանրամասնել է նա։

Ալիևի խոսքով՝ ինքն ասում էր, որ եթե Լաչինը (Քաշաթաղը), Քելբաջարը (Քարվաճառը) և Շուշին չեն վերադառնում Ադրբեջանին, հնարավոր չէ որևէ համաձայնություն, և այդ դիրքորոշումը «նարդայնացնում էր բազմաթիվ երկրների»։

«Ես ասում էի, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Ասում էի, որ ռազմական ճանապարհը երբեք չի բացառվում։ Ես միայն չէի խոսում, այս բոլոր տարիներին մենք, մոբիլիզացնելով մեր ուժերը, ամրացնելով մեր երկիրը, հավաքվեցինք ուժերով երկրի ներսում և միջազգային հարթությունում, տնտեսական հարցերի լուծման և երկրում միասնության և համաձայնության ամրացման, բանակաշինության հարցերում»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ուժով հաղթել են հայկական կողմին և ստեղծել նոր իրականություն։

Ըստ Ալիևի՝ եթե նույնիսկ մեկ տարի առաջ որոշներն իրենց ասում էին՝ հաշտվեք իրականության հետ, այսօր ինքն է ասում՝՝ հաշտվեք ձևավորված իրականության հետ։ Նա սպառնացել է, որ եթե որևէ մեկը փորձի խառնվել նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությանը, ապա կստանա խիստ պատասխան։

«Այդպիսի փորձեր կան։ Նրանք ունեն մեկ նպատակ՝ խաթարել համաձայնությունը, քանի որ այն որոշներին նյարդայնացնում է նրանով, որ նոր անվտանգային ձևաչափ է ի հայտ բերել։ Հայտարարության մեջ ամրագրված է թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծումը։ Միաժամանակ, որոշներին նյարդայնացնում են անվտանգության միջոցառումները և հայտարարության պայմանների իրականացումը։ Այնուամենայնիվ, ոչ մեկ չի կարող խառնվել մեր գործերին՝ ձեռք բերված համաձայնությանը։ Այն կյանքի է կոչվում և կշարունակի կյանքի կոչվել»,- նշել է նա։

 Ուշագրավ
---