ՄԻՊ․ Որևէ սադրանք կամ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձը

ՄԻՊ․ Որևէ սադրանք կամ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձը

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով ադրբեջանական պնդումներին Հադրութում տեղի ունեցած մարտերի մասին, հատուկ զգուշացնում է, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թաթոյանը նշել է, որ պաշտոնական հրատապ հարցումներով դիմել է ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները։

Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:

ՄԻՊ-ը նշել է նաև, որ որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

«Հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ: Սույն հայտարարությունն իմ ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---