Արարատի մարզպետը հերքում է Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու լուրը

Արարատի մարզպետը հերքում է Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու լուրը

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կոչ է արել չհավատալ մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանարպետությանը»,- նշել է նա, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նրա խոսքով նաև՝ «իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ»։

«Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը»,- նշել է մարզպետը։

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի 11 տուն անցել է Ադրբեջանին։ Բնակիչներին տները լքելու համար ժամանակ էր տրվել մինչև հունվարի 5-ը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---