Տոնոյան․ Սյունիքում իբրև Մանուկյանի մուտքը կանխելու համար ճանապարհ փակելն ուղղորդված էր

Տոնոյան․ Սյունիքում իբրև Մանուկյանի մուտքը կանխելու համար ճանապարհ փակելն ուղղորդված էր

PanARMENIAN.Net - Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թույլ չտալու համար, որ վարչապետի ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց նախատեսված չէր, դա ուղղորդված սադրանք էր, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նշել է, որ ինքն ու գործընկերներն աշխատանքային այցով Սյունիքում էին, իսկ Շուռնուխից վերադառնալիս ականատես են եղել ճանապարհ փակելու դեպքին։

Մանուկյանի մուտքը Գյումրի ավելի վաղ փորձել էին կանխել Ազատան համայնքի բնակիչները։ Նա, սակայն, հանդիպել էր գյումրեցիներին։

«Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տեղի ունեցածն ընդամենը ուղղորդված սադրանք էր, որի դերակատարները իշխանությունների մանիպուլյացիաներին տրված մեր մի քանի հայրենակիցներն էին: Եվ ի՞նչ է ստացվում. այսօր առկա հազարավոր խնդիրներին լուծում տալու, հայրենազրկված ու թուրքի քթի տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց մասին մտածելու, երկրի անվտանգությունը պաշտպանելու փոխարեն աթոռից սոսնձվածները զօր ու գիշեր տվայտվում են մեկ մտքի շուրջ՝ ինչպե՞ս խանգարել աշխատող, գործ անող մարդկանց: Իսկ մենք ձեր թեթև ձեռքով այլևս սահմանապահ դարձած Շուռնուխում էինք՝ մարդկանց օգնելու,նրանց հոգսը մեղմելու նպատակով»,-հայտարարել է Տոնոյանը։

ԲՀԿ-ականի խոսքով՝ իրենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի վաղ սյունեցիները թույլ չէին տվել մտնել մարզ:

«Գնալու ենք, որովհետև իշխանության անբանության ու ապաշնորհության արդյունքում այնտեղ շատ անելիքներ ունենք: Գնալու ենք, որովհետև մենք մեր հայրենիքում վախենալու ոչինչ չունենք»,-եզրափակել է Տոնոյանը։

Ավելի վաղ Փաշինայնի՝ Սյունիք այցն ընդհատվել էր մարզի խոշոր քաղաքներում հակաիշխանական հանրահավաքների պատճառով։ Փաշինյանը եղել էր միայն Սիսիանում։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---