Կաթողիկոսը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՀՀ-ն երբեք նման ծանր վիճակում չի եղել, նման կորուստ չենք ունեցել

Կաթողիկոսը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՀՀ-ն երբեք նման ծանր վիճակում չի եղել, նման կորուստ չենք ունեցել

PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասով եկեղեցին իր դիրքորոշումը չի փոխել, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից։ Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»,- պառակտող քայլեր ձեռնարկելու ու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու մասին հարցին արձագանքել է Կաթողիկոսը:

Վեհափառի խոսքով՝ եկեղեցին քաղաքացիներին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս գալու հորդոր ու կոչ չի հղել, այլ հորդոր է ուղղել հենց Փաշինյանին: Կաթողիկոսը նշել է նաև, որ ներկա պահին իր ու քաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ վարչապետի՝ առանձին-առանձին Եռաբլուր գալը «պատշաճ մոտեցում է», չնայած իրենք տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին:

«Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ և խոսք հնչեցնել»,- նախկինում իշխանությանը չքննադատելու մասին հարցին արձագանքել է Կաթողիկոսը:

Վեհափառի խոսքով՝ եկեղեցին ջանքեր է գործադրում նաև հայ ռազմագերիների վերադարձի համար, քննարկում են նաև Հռոմի պապին դիմելու տարբերակը և այդ ուղղությամբ «պատշաճ քայլեր ձեռնարկում»։

44-օրյա պատերազմից հետո պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսը պահանջել էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---