Հայ շախմատիստները կմասնակցեն կանանց 2009 թվականի Եվրոպայի անհատական առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստները կմասնակցեն կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը , որը կկայանա մարտի 8-20-ը Սանկտ-Պետերբուրգում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է հինգ կին շախմատիստ, այդ թվում նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Ագինյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը, Սիրանույշ Անդրեասյանը եւ շախմատիստ Աննա Հայրապետյանը: Մրցությանը կմասնակցի 175 շախմատիստ տարբեր երկրներից, այդ թվում նաեւ մրցության գործող չեմպիոն ուկրաինուհի Կատերինա Լախնոն եւ Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկը:



Կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ այն ներկայացնում է աշխարհի առաջնության որակավորման փուլը: Մրցության ավարտին լավագույն արդյունքն ունեցող 14 մասնակից կստանա կանանց շախմատի հաջորդ առաջնության ուղեգիր: Իսկ 70000 եվրո կազմող մրցանակային հիմնադրամը կբաժանվի մրցության առաջին 20 մասնակցի միջեւ, որոնցից հաղթողը կստանա 10000 եվրո, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 7500 եվրո, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 6000 եվրո:



Ժամանակի հսկողությունը` 90 րոպե 40 քայլերի համար, այնուհետեւ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ:



Բացման արարողությունը կկայանա մարտի 7-ին: Մրցությունը բաղկացած է 11 փուլից: Առաջին փուլը մեկնարկում է մարտի 8-ին: Խաղարկային օրերը` մարտի 8- 19-ը: Հանգստյան օրը` մարտի 15-ին: Եվրոպայի առաջնության փակման արարողությունը կկայանա մարտի 20-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---