Կոնյակի սպիրտի արտահանումը կկրկնապատկվի՝ էական անկումից հետո

Կոնյակի սպիրտի արտահանումը կկրկնապատկվի՝ էական անկումից հետո

PanARMENIAN.Net - Կառավարությունը 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար՝ նախատեսվում է 2020-ի համեմատ կրկնապատկել արտահանումը՝ հասցնելով 9 մլն լիտրի։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

2020թ․արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Գումարը կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում։

2018-ին ՀՀ-ից կոնյակի սպիրտի արտահանումհը հասնում էր 11 մլն լիտրի։

«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»,-ասել է Քերոբյանը։

Նախարարի խոսքով, հաշվի առնելով 2020թ․ խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում էական անկում կա։ «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,-ասել է նա։

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։

Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---