ԱԱԾ-ն ներկայացրել է Սաղաթելյանի, Բեքարյանի և մյուսների քրգործի մանրամասները

ԱԱԾ-ն ներկայացրել է Սաղաթելյանի, Բեքարյանի և մյուսների քրգործի մանրամասները

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ՝ նշելով, որ նրանք ջանքերի համաձայնեցվածությամբ ստեղծել են Gagik Soghomonyan կեղծ ֆեյսբուքյան էջ՝ մեկնաբանություններում խախտելով ռազմական դրության պահանջները։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության` Ա․Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ․Բ-ին, վարորդին՝ Մ․ Ա-ին, Ա.Ս.-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց:

«Դրանից հետո նրանք պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, ստեղծել են Gagik Soghomonyan կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են այս էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:

«Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես գալով Gagik Soghomonyan կեղծ անվան տակ՝ Արցախի դեմ ռազմական գործողությունները սոցցանցում մեկնաբանալիս, խախտելով կառավարության որոշման սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել են պետական և տեղական մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության և պետանվտանգության ապահովման գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են ՀՀ և Արցախի պաշտպանունակությունը և ՀՀ ԶՈւ մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր», - հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ նույն անձինք նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներին կողմ քվեարկած քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Ավելի վաղ ձերբակալվել էին ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---