Զինվորների ծնողների բողոքի ակցիա՝ ՊՆ-ի մոտ․ Չեն ուզում, որ որդիները շարունակեն ծառայել Արցախում

Զինվորների ծնողների բողոքի ակցիա՝ ՊՆ-ի մոտ․ Չեն ուզում, որ որդիները շարունակեն ծառայել Արցախում

PanARMENIAN.Net - Մի խումբ ժամկետային զինծառայողների ծնողներ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց՝ արձակուրդ եկած որդիներին այլևս չտանեն Արցախ, այլ թույլ տան ծառայել ՀՀ տարածքում։

«Մենք չենք ասում, որ երեխաները չծառայեն, սուտ է, թե նրանք փախուստի են դիմում, կամ դասալիք են, մենք ուզում ենք, որ նրանք մնան և ՀՀ սահմանին ծառայեն»,- ասել է տղաներից մեկի մայրը։

Ծնողներից մեկն էլ նշել է՝ իրենց երաշխիքներ են պետք, որ որդիները ճանապարհին գերի չեն ընկնի, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Եթե ինչ-որ մեկը կգա, կերաշխավորի, որ մեր երեխաները գերի չեն ընկնի, մեզ էլ իրենց հետ կտանեն, որ երեխաներին հասցնենք Արցախ, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնի։ Թող մեզ էլ տանեն, ու մեր երեխաներին էլ թող տանեն բաց պատուհաններով մեքենաներով, զինվորական համազգեստով»,- նկատել է նա։

Ակցիա իրականացնող մայրերից մեկն էլ հարց է բարձրացրել, թե ինչու են իրենց երեխաներին սպորտային համազգեստով տանում, եթե օրենքի խախտում չկա, ապա ինչու թույլ չեն տալիս, որ տղաները իրենց համզգեստով գնան Արցախ, ինչպես գնացել են բանակ զորակոչվելիս։

Ինչ վերաբերում է ՊՆ-ի հաղորդագրությանը, թե մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, ապա ծնողներից մեկը պնդել է, որ դրանք սուտ լուրեր են։

«Դա և՛ այդ երեխաներին է վիրավորում, և՛ ծնողին։ Մեր երեխաներն ամսի 28-ին ներկայացել են հավաքակայան, որ իրենց տանեն, ոչ ոք չի հրաժարվել։ Իմ տղան խնդիր է ունեցել բուժման, բայց ասաց՝ պիտի գնան։ Իմ երեխան ճանապարհից զանգել, ասել է, որ իրենց հետ են բերում, քանի որ հրաման կա, թե զինվորներին չպետք է Արցախ տանեն։

Մեր երեխաներին տարել են Արարատի Զոդ։ Այդ օրվանից սկսվեց կաշմառը։ Ամեն օր նոր բան, ոչ մի անգամ մեզ չասացին, որ արդեն ամեն ինչ լավ է, որոշված է, հստակ է։ Իսկ Մարտունի 3-ի սպաները գալիս ու ասում են, որ երեխաներին պետք է քաղաքացիական հագուստով տանեն, չգիտեն՝ ինչ կլինի։ Հիմա եկել ու լուր են տարածում, թե մենք չենք թողնում, Ղարաբաղում եղած երեխաների ծնողներն էլ մեզ անիծում են։ Բայց, եթե մեզ երաշխիք չեն տալիս, որ մեր երեխաները գերի չեն ընկնի, ապա ինչպե՞ս թողնենք»,- ասել է զինվորի մայրը։

Փետրվարի 24-ին պաշտպանության նախարարությունն արձագանքել էր փետրվարի 23-ին զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերանագրված էր՝ «Զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները և տարել Արցախ»։

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---