Հորդոր. Հանրային տրանսպորտում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

Հորդոր. Հանրային տրանսպորտում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:

Հարկավոր է կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։

Տեսչական մարմինը կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց հորդորում է ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանասպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։

Հայաստանում մարտի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 174,257-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 508-ով: Վերջին շրջանում աճում են վարակի նոր դեպքերն ու փաստացի բուժվողների քանակը, որը հասել է 5560-ի։

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը մարտի 5-ին վերաբացել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը։ Մարտի 4-ին նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերը երկրում ավելացել են և անհրաժեշտ է խստորեն վերադառնալ դիմակ կրելուն ու վարակը կանխող այլ միջոցառումներին։ Նախարարը նշել էր, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, ապա այժմ՝ 16%-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---