Ջավախքի հայ ակտիվիստներ Սերգեյ Հակոբջանյանն ու Գրիգոր Մինասյանն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Մարտի 6-ի ուշ երեկոյան Վրաստանի իշխանություններն ազատ են արձակել Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հակոբջանյանին: Այս պահին հակասական տեղեկություններ են ստացվում, թե ինչ հանգամանքներում են ազատ արձակվել Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը: Ըստ այդ տեղեկատվության, «անսպասելիորեն» մարտի 6-ին կայացած դատից հետո մեղադրայլներին դատապարտել են 1 տարվա պայմանական ազատազրկման եւ անհապաղ ազատ արաձակել դատարանի դահլիճից: Ըստ այլ աղբյուրների, նրանց դեմ հարուցված քրեական գործի վարույթը շարունակվում է, փոխվել է միայն կասեցման միջոցը` երկամսյա կալանքը փոխարինվել է 2000 լարի վճարով: Ընդ որում Թբիլիսիից Ախալցիխե Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին բերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, եւ այժմ երկուսն էլ տանն են գտնվում:



Այս պահի դրությամբ անհայտ է մնում, թե ինչ հանգամանքներում են վրաց իշխանությունները որոշել ազատ արձակել հայ հասարակական գործիչներին: Իրավիճակն, իրոք, տարօրինակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուր Յակոբաշվիլին, ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, թե «Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին առաջադրված մեղադրանքերը հիմնավորված են» եւ որ նրանք «խճճում են գործը, կատարում են մեկ այլ պետության պատվեր, քողարկվելով ոչ կառավարական կազմակերպության ցուցանակի տակ»: Հավատալ այն հանգամանքին, որ վրաց իրավապահ մարմինների «խիղճն է արթնացել» եւ նրանք, ազատելով Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին, փորձել են շտկել իրենց սխալը, պարզամտություն կլինի: Այնպես որ պարզ է, որ դա տեղի ունեցավ որոշակի հանգամանքներում: Առավել եւս, որ Գրիգոր Մինասյանի ու Սերգեյ Հակոբջանյանի դեմ առաջադրված մեղադրանքները` ապօրինի զինված խմբավորումների ստեղծում կամ ղեկավարում (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1 մաս) եւ լրտեսություն (14 հոդվածի մաս 1-ին), նախատեսում են 10 տարվա ազատազրկում, իսկ նշված հոդվածները բացառում են ազատազրկման պայմանական ժամկետի կիրառումը, հաղորդում է BAGIN լրատվական գործակալությունը:



Հունվարի 22-ին Թբիլիսիից ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել ու Թբիլիսի էին տեղափոխել Ախալցիխեի երիտասարդկան կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Որպես կասեցման միջոց Թբիլիսիի դատարանն ընտրել էր 2 ամսվա ազատազրկումը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---