Դավթյան․ ԳՇ-ում իրավիճակը լուծվել է, տարաձայնություններն իրավական դաշտում են

Դավթյան․ ԳՇ-ում իրավիճակը լուծվել է, տարաձայնություններն իրավական դաշտում են

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ ԶՈւ ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվել է, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվել են իրավական դաշտ։ Այդ մասին ասվում է նրա ուղերձում, որը հրապարակվել է գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջում։

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»,- ասվում է ուղերձում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին հայտարարութուն է տարածել այն մասին, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է Գլխավոր շտաբի պետ։

ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ըստ դատարանի որոշման՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ Փաշինյանի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի որոշման կապակցությամբ` նշելով, որ Գասպարյանն ազատված է պաշտոնից։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---