Դատարանը մերժել է Չարչյանին կալանավորելու դեմ բողոքը

Դատարանը մերժել է Չարչյանին կալանավորելու դեմ բողոքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու դեմ բողոքը։ Այդ մասին տեղեկացրել է վերջինիս փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում կալանավորման ֆետիշացում: Ցավում եմ, բայց մյուս կողմից էլ մի բանում վստահ եմ՝ ինչքան էլ ճնշումներ կատարեն, միևնույն է, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. դրանում երկրորդ կարծիք չկա»,-ասել է իրավաբանը:

Նա հայտնել է, որ առաջին ատյանի դատարանում թեև վարույթն ընդունելու վերաբերյալ տեղեկություն չունի, բայց ունեն մակագրում, որ դատավոր Վահե Միսակյանի մոտ է լինելու, և կալանավորելու հարցով լսվելու իրավունքն ապահովվելու է։

«Այնպես որ, կարճ ժամանակ անց կհանդիպենք առաջին ատյանի դատարանում»,-հավելել է Վարդևանյանը։

ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել Չարչյանի խափանման միջոց կալանքը։ ՀՔԾ-ն նրա գործով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---