Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել․ Պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է հասցվել

Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել․ Պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել։ Ապօրինության հետևանքով միայն պետտուրքի մասով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս, տեղեկացնում է ոստիկանությունը։

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցի ժամանցի վայրերից մեկում առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։ Նաև տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են 2021-ի հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 և 10000 դրամին համարժեք խաղաքարեր և վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։

Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ:

Բացի խաղատնային պարագաներից, սրահում և բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել և վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---