120 մլն դրամի չարաշահումներ՝ Յոլյանի անվան արյունաբանականում

120 մլն դրամի չարաշահումներ՝ Յոլյանի անվան արյունաբանականում

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետբյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Բուժկենտրոնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է մոտ 120 մլն դրամի վնաս:

Մասնավորապես՝ առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքն ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018-ին ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30%-ի չափով չկատարելուն, սակայն փաստաթղթերում առերևույթ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, փաստաթղթերի կեղծմամբ ընկերության կողմից «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացնելուն:

Հնարավոր չարաշահումները վերաբերում են նաև 2018-ին «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հաշվետվություններով ավելի կատարողական ներկայացնելուն, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն։

Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ԱՆ և պետբյուջեից ստացել փոխհատուցում:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---