Նախարար․ Պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է

Նախարար․ Պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է` 244,374, երկրորդ` 133,031 մարդ, ընդհանուր կատարվել է 377,405 պատվաստում։ Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։

Թե պատվաստված անձանցից քանիսն են եղել ՀՀ քաղաքացիներ ու քանիսը` օտարերկրացիներ, Ավանեսյանը չի նշել, գրում է Sputnik Արմենիան։

«Պատվաստումների արդյունքում մեր բնակչության իմունիտետի շերտի հետ կապված դեռ վաղ է եզրահանգումներ անել, որովհետև մեզ մոտ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։ Մենք տեսնում ենք, որ այն երկրներում, որտեղ 70-80 տոկոս պատվաստումներ են իրականացվել, վարակման դեպքեր շարունակում են գրանցվել, բայց հոսպիտալացման, ծայրահեղ ծանր ընթացքի դինամիկան շեշտակի, կտրուկ կերպով փոխվել է»,– ասել է Ավանեսյանը` որպես օրինակ նշելով Սինգապուրը, որի բնակչության 80 տոկոսը, նրա խոսքով, պատվաստված է։

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---