Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50%-ով

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50%-ով

PanARMENIAN.Net - Կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցած և անհրաժեշտ միավորը հավաքած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 տոկոսով։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին փուլում ծրագիրն իրականացվել է մի քանի առարկայի մասով՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ատեստավորման առաջին փուլի արդյունքները, նշել է, որ մասնակցած 996 ուսուցչից 468-ն է հաղթահարել սահմանված շեմը։ Նրանք մոտ 35,000-ից մինչև 60,000 դրամ ավել կստանան` ըստ վաստակած միավորների։

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից՝ մասնակիցների 87 տոկոսը հաղթահարել է շեմը, ֆիզիկա առարկայից` 56 տոկոսը, հայոց լեզվից` 41 տոկոսը։

Ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Սյունիքից, Շիրակից ու Կոտայքից ուսուցիչները։

2022-ից նախատեսվում է ընդլայնել առարկաների ցանկը։

Փաշինյանը, անդրադառնալով հաջորդ փուլին, ասել է, որ այդ փուլում արդեն ատեստավորված ուսուցիչների համար ավելի բարձր չափանիշներ կսահմանվեն։

«Այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքով, որակավորմամբ կարողացել են աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ, կրկին ատեստավորման միջոցով, արդեն բարձրացված աշխատավարձը նորից բարձրացնել 30, 40 կամ 50 տոկոսով»,-ասել է վարչապետը։

Ըստ նրա, ամբողջական գործընթացը մոտ 3-4 տարի կտևի։ Արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստանի կրթական համակարգում կմնան բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---