Նախարար․ Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարի հանքը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին

Նախարար․ Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարի հանքը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ամուլսարի հնարավոր շահագործման հարցին, ասել է, որ եթե տնտեսվարողն ուզի շահագործել հանքը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին:

«Ամուլսարի վերաբերյալ մեր վերջին գնահատականներից այս կողմ որևէ տեղաշարժ չեմ ամրագրել։ Իմ լիազորությունների շրջանակում այս պահին անելու, միջամտելու, ներազդելու մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և չի վեր հանվել դրական կամ բացասական իրականությունը»,-ասել է նա, տեղեկացնում է «Առավոտը»։

Նախարարը հավելել է, որ եթե գործընթացն այս պահին գտնվում է քրեաիրավական դաշտում, և ժամանակին տեղի ունեցած գործընթացները գտնվում են վարույթում, ապա այս պահին չի կարող գնահատել՝ կշահագործվի, թե ոչ։

«Եթե քրեական գործի հանգուցալուծման արդյունքում վեր հանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ փորձաքննության իրականացման վրա ազդել, բնականաբար, մենք մեր գործիքակազմով կազդենք։ Իսկ եթե ոչ, ապա տնտեսվարողն ունի հանքավայրը շահագործելու բոլոր լիցենզիաները։ Եթե տնտեսվարողն ուզի շահագործել հանքը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։

Վերջին շրջանում տվյալ տնտեսվարողին մենք ջրօգտագործման հայտ ենք մերժել, որովհետև տվյալ տարածաշրջանի ջրավազանային կառավարման պլանով ռեզերվ չկար՝ իրենց ջրօգտագործման թույլտվությունը բավարարելու։ Բայց այն թույլտվությունը, որը նրանք ունեն հիմա փոքր ծավալով, թույլ է տալիս գործընթացը մեկնարկել»,-ասել է նա։

Ամուլսարի հանքի գործարկման աշխատանքներն ընդհատվել են 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Լարվածությունը հանքի շուրջ ու այն գործարկելու փորձերը չեն դադարել դրանից ի վեր։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Հայաստանի թիվ 1 հարկատուն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---