Մարությանին Աջափնյակի կայարանի նախագծի էսքիզներն են ներկայացրել

Մարությանին Աջափնյակի կայարանի նախագծի էսքիզներն են ներկայացրել

PanARMENIAN.Net - «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները:

Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:

Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսաստանյան գործակալությունը։

«Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Աբրամսոնը:

Մարությանը նշել է, որ աշխատանքները սկսելու համար նախագիծը 6 ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի։

«Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է նա:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար և զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս:

Հանդիպման ավարտին Մարությանը Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ «Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – պատմել էր նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---