ԱՀԿ․ Covid-19-ով կրկնավարակի ռիսկը օմիկրոնի դեպքում ավելանում է

ԱՀԿ․ Covid-19-ով կրկնավարակի ռիսկը օմիկրոնի դեպքում ավելանում է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հղում անելով նախնական տվյալներին, հայտարարել է, որ Covid-19-ով հիվանդացածների կրկնակի վարակման ռիսկը «օմիկրոն» նոր շտամի պարագայում վիրուսի մյուս տարբերակների համեմատ ավելանում է։

«Նախնական տվյալները վկայում են, որ «օմիկրոն» շտամով վարակվելու ռիսկն ավելանում է մտահոգություն առաջացնող մյուս շտամերի համեմատ, սակայն տեղեկատվությունը սահմանափակ է։ Առավել մանրամասն տվյալները հայտնի կդառնան առաջիկա օրերին և շաբաթներին»,-ասել են ԱՀԿ-ում, գրում է «Վեդոմոստին»։

ԱՀԿ-ն նաև աշխատում է տեխնիկական գործընկերների հետ՝ պարզելու համար գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետությունը «օմիկրոն» շտամի դեպքում։ Ըստ ԱՀԿ-ի, բուժման արդյունավետ միջոցներ են մնում կորտիկոստերոիդներն ու IL6 ռեցեպտորների բլոկատորները։ Բուժման այլ տարբերակները դեռ պետք է գնահատել ըստ արդյունավետության։

«Օմիկրոն» անվանումը ստացած Covid-19-ի հարավամերիկյան շտամն արագ տարածվում է։ Ըստ համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերիի, այն կարող է նույնքան վարակիչ լինել, որքան «դելտա» շտամը, և նույնքան վտանգավոր, որքան Էբոլայի տենդը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։

Նոր շտամն արդեն հայտնաբերվել է Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Գերմանիայում և Ավստրալիայում։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսրայելում։ ԵՄ երկրներից շատերը, ինչպես նաև, ՌԴ-ն, կասեցրել են ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային երկրների հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---