Տոկաև. ՀԱՊԿ ուժերը երկրում կմնան մինչև իրավիճակի կայունացումը

Տոկաև. ՀԱՊԿ ուժերը երկրում կմնան մինչև իրավիճակի կայունացումը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, մինչև իրավիճակը կայունանա։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ծավալվել են ՀԱՊԿ անդամ երկրների բազմազգ ուժերի խաղաղապահ զորքերը, որոնք կմնան երկրում կարճ ժամկետով՝ մինչև իրավիճակի կայունացումը»,-ասվում է գրառման մեջ։

Տոկաևը հայտարարել է նաև, որ վերջին իրադարձությունները Ղազախստանում «ահաբեկիչների և ավազակախմբերի հարձակման» արդյունք են։

«Մենք ստիպված էինք գործ ունենալ լավ զինված, նախապատրաստված ավազակախմբերի հետ, ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի։ Հենց ավազակախմբերի և ահաբեկիչների»,-ասել է Տոկաևը, գրում է BBC-ն։

Ըստ նրա, միայն Ալմաթիի վրա «20,000 բանդիտ է» հարձակվել։

Ղազախստանում նաև ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը; Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հայտնի է դարձել, որ բողոքի ակցիաներին մասնակցության համար Ղազախստանում օտարերկրացիներ են ձերբակալվել։ Ընդհանուր առմամբ 4266 մարդ է բերման ենթարկվել։

Ըստ Ղազախստանի իրավապահ մարմինների, Տարազ քաղաքում հատուկ գործողության արդյունքում «վեց ահաբեկիչ է լիկվիդացվել»։ Նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, իրավիճակը հունվարի 8-ի առավոտյան հանգիստ է։ Աշխատում է տրանսպորտը։ Սակայն ինտերնետ դեռևս չկա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---