«Հայաստան» և «Պատիվ ունեմ». Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

«Հայաստան» և «Պատիվ ունեմ». Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և, որ հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար հարկավոր է «արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել»։

Նշվում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և ՀՀ նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց:

«Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը: Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն:

Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն ԱԺ-ում խորհրդարանական ըննդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝

1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, 2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,

2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,

3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,

4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,

5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,

6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,

7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,

8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը,

9. ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը,

10. ՀՀ սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,

11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝

ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է՝

• Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին,

• Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար,

• Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,

• Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,

• Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,,

• Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,

• Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի»:

Ելնելով վերը շարադրվածից, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝

1. Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:

2. Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---