Շվեյցարիան 4․5 մլն ֆրանկ կհատկացնի ՀՀ-ին՝ տնտեսական աճի և բնության պահպանության համատեղման ծրագրով

Շվեյցարիան 4․5 մլն ֆրանկ կհատկացնի ՀՀ-ին՝ տնտեսական աճի և բնության պահպանության համատեղման ծրագրով

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) հաստատել է ավելի վաղ հայտարարված «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագծի 4,500,000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը։

Նախագիծը կաջակցի Հայաստանին նորարարական ձևով համատեղելու բնության պահպանությունն ու տնտեսական աճը՝ ի բարօրություն նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ Նախագիծն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս:

Նախագիծը կտևի 8 տարի և կիրականացվի Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Նշվում է, որ Կովկասի էկոտարածաշրջանը կենսաբանական բազմազանությամբ աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկն է և, միևնույն ժամանակ, Հայաստանի լեռնային էկոհամակարգը գյուղական համայնքների համար հանդիսանում է կարևոր արտադրողական աղբյուր։ Այնուամենայնիվ, երկրի բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է՝ կլիմայի փոփոխության ազդեցության, հողի և բնական ռեսուրսների վատ կառավարման հետևանքով: Գյուղական աղքատության բարձր մակարդակն արտացոլում է վատ բնապահպանական իրավիճակը: Ընթացիկ քաղաքականությունը մինչ այժմ գրեթե չի արձագանքել աղքատության, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի փոփոխության հետևանքների եռակի մարտահրավերներին:

Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող ֆերմերների և գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել խնայողաբար և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Որպես տնտեսական աճը, բնական ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանությունը միմյանց կապող ջանքերի գործադրում, նախագիծը նպաստում է նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը:

Նախագծի առանցքն էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ գյուղական բնակչության և հատկապես դրա աղքատ կազմի մասնակցությամբ, ովքեր նախաձեռնության հիմնական շահառուներն են:

Նախագիծը «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և KfW Զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի հայկական բաղադրիչն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) հետ գործընկերությամբ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---