Իգոր Խաչատուրովը կալանավորվել է

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Ընդդիմության անհնազանդության ակցիաներին մասնակցող Իգոր Խաչատուրովը (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին) կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022-ի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը:

Ավելի վաղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը՝ Իգոր Խաչատուրովն է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---