ԱՄՆ-ն մտադիր է միանալ ՄԱԿ-ի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Իրանի հետ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը մտադիր է միանալ Իրանի հետ ՄԱԿ-ի եւ եվրոպական երկրների բանակցություններին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպարտամենտը:



Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է Եվրամիության արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Խավիեր Սոլանային` առաջարկելով հրավիրել Իրանին մասնակցել «վեցյակի»` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան)+ Գերմանիա, նոր բանակցություններին: «Եթե Իրանն ընդունի այդ առաջարկը, մենք հուսով ենք, որ դա լավ առիթ կլինի, որպեսզի Իրանը դուրս գա վերջին տարիների փակուղուց եւ զարգացնի նրա հետ աշխատանքը համագործակցության հունով, ինչը կնպաստի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային մտահոգության նվազեցմանը»,-ասել է Վուդը:



Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, մեկնաբանելով Վաշինգտոնի նոր գիծը, հայտարարել է.«Իրանի ժողովուրդն ողջունում է ընդառաջ արված քայլն այն դեպքում, եթե այն իրոք թելադրված է ազնվությամբ, արդարությամբ ու հարգանքով»:



Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1979թ. ի վեր:



1979թ. նոյեմբերին իսլամիստ ուսանողները գրավեցին Թեհրանում ամերիկյան դեսպանատունը: Պատանդ վերցվեցին ԱՄՆ 63 դիվանագետ եւ երեք շարքային քաղաքացիներ, որոնց մեծ մասը գերության մեջ մնաց 444 օր: 1980 թվականի ապրիլին Վաշինգտոնը ձախողեց պատանդներին փրկելու «Արծվի ճանկ» օպերացիան: Նրանք ազատվեցին Ալժիրի միջնորդությամբ 1981թ. սկզբին` Ռոնալ Ռեյգանի պաշտոնակալման օրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---