Freedom House-ի զեկույցում ՀՀ-ն դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին

Freedom House-ի զեկույցում ՀՀ-ն դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը, որում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր:

2022-ի զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

2023 թ. զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքին՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով: Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով, հայտնում է Aysor.am-ը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին:

«2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանին չաջակցելուն, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։

Նշվել է նաև, որ Ուկրաինայում պատերազմը խաթարել է Ռուսաստանի կառավարելու կարողությունը, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Հայաստանից տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---