Վարչապետ․ Ժամանակին Նախիջևանից բռնի տեղահանված հայերը պարբերաբար հարց են ուղղում ՀՀ կառավարությանը

Վարչապետ․ Ժամանակին Նախիջևանից բռնի տեղահանված հայերը պարբերաբար հարց են ուղղում ՀՀ կառավարությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանում սկսել են ավելի հաճախ օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը, ասել է, որ Նախիջևանի ինքնավար մարզում ժամանակին ապրած, ապա բռնի տեղահանված հայերը պարբերաբար հարց են բարձրացնում ՀՀ կառավարության առջև։

«Նախիջևանի հայերը հաճախ են հարց բարձրացնում ՀՀ կառավարության առաջ, ասում են` կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն»,– ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ Նախիջևանի ամբողջական հայաթափումը սկսվել է դեռևս 20-րդ դարասկզբին։ Ոչ միայն հայությունն է բռնի տեղահանվել, այլև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման բացահայտ մեծ արշավ է իրականացվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Գետաշենի հայերի բռնի տեղահանությունների մասին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը երբեք չի խոչընդոտել տեղահանվածների իրավունքների իրացումը։

«Միգուցե դա չի էլ խրախուսել, և հավանաբար այդ հարցում սխալվել է։ Բայց խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է»,-ասել է նա։

«Մինչդեռ Հայաստանից բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունն աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ»,– նշեց Փաշինյանը։

Նա հավելել է, որ անշուշտ, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն է նաև այդպիսին եղել, բայց կոտորածների, բռնությունների դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ գիտենք, թե ինչ է եղել Նախիջևանում, Շահումյանում, Սումգայիթում, Բաքվում, Շամխորում, Կիրովաբադում, 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում, Շուշիում և մյուս բնակավայրերում։

«Այնպես որ սելի տեղը սելվորն է ճռռում»,– եզրափակել է Փաշինյանը անդրադառնալով այն հարցին, թե իբր Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ վարչապետին պահանջելով թույլ տալ վերադառնալ իրենց պատմական հողեր։

Եթե Առաջին աշխարհամարտից առաջ Երևանի նահանգի կազմում գտնվող Նախիջևանի հայության թիվը 53,400 էր, ապա 1926 թ.՝ ընդամենը 11,300, այսինքն` նվազել էր մոտ 5 անգամ: Հետագայում այդ թիվն ավելի նվազեց, իսկ Արցախյան շարժման շրջանում Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվեց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---