ԿԳՄՍՆ․ Բրյուսովի միավորման հարց այս պահին չի քննարկվում

ԿԳՄՍՆ․ Բրյուսովի միավորման հարց այս պահին չի քննարկվում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում, և հավելել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ։

«Հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով»,-ասվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ, հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:

Ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Համալսարանականներն ու աշխատակազմը բողոքի ակցիա են իրականացրել, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

Բրյուսովի անվան համալսարանում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին անցակցվել էին ռեկտորի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: 12 ձայնով ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դավիթ Գյուրջինյանը հավաքել էր 8 ձայն։ Խորհրդի կազմում ներառված էին Կառավարության 5 ներկայացուցիչ, Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 5 հոգի, 5 դասախոս և 5 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համաբարձում Մաթևոսյանն էր, բայց ընտրություններից հետո թե՛ նա, թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հրաժարվեցին պաշտոններից։ Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, մասնագետները դա կապեցին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ: Կարինե Հարությունյանի՝ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները կառավարությունը չէր հաստատել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---