Միհրան Պողոսյանը հետախուզվում է խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով

Միհրան Պողոսյանը հետախուզվում է խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով

PanARMENIAN.Net - Խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այդ մասին ասվում է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»։

Ավելի վաղ Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել Հայաստանում բանանի բեռի մեջ հայտնաբերված 1 տ կոկաինի վերաբերյալ տեղեկություններին՝ նշելով, որ ինքն է այդ բեռի առկայության մասին հայտնել ԱԱԾ-ին և խնդրել է արագ ընթացք տալ գործին։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ 1 տոննա կոկաինի ներկրման գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---