Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով: Այդ մասին ասել է Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը, հայտնում է Aysor.am-ը։

Գայանե Հակոբյանը, սակայն, դեռ ազատ չի արձակվել։

Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:

Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Հիշեցնենք՝ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել էր և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---