Snoop Dogg-ի երևանյան համերգին պետբյուջեից մոտ $6 մլն կհատկացվի. Նախագիծը հաստատվել է

Snoop Dogg-ի երևանյան համերգին պետբյուջեից մոտ $6 մլն կհատկացվի. Նախագիծը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ պետբյուջեից հայտնի հիփ-հոփ արտիստ Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար կհատկացվի 2,319 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Կառավարությունն օգոստոսի 11-ի նիստում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:

Հատկացվող գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդին:

«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարա­վորու­թյուններ ստեղծել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20,000–ից 25,000 մարդ, այդ թվում՝ 5-6000 զբոսաշրջիկ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մեկ զբոսաշրջիկը միջինում ՀՀ-ում ծախսում է 800-1000 դոլարին համարժեք դրամ գումար:

«Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր­ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ­սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա­րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը»,- նշված է հիմնավորման մեջ։

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, թե գործադիրը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։ Նույն օրը կառավարությունը հերքել էր այդ տեղեկությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---