Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան ՀՀ կկարգավորվի

Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան ՀՀ կկարգավորվի

PanARMENIAN.Net - Երևանը և Նյու Դելին նախատեսում են կարգավորել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան Հայաստան։ Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այդ հարցը քննարկել է «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։

Մկրտչյանն ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում գործակցության անհրաժեշտությունը և առաջարկել դիտարկել Հայաստան ժամանող հնդիկների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համապատասխան հարթակի ստեղծման գաղափարը, որը թույլ կտա մի կողմից հավաքագրել Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով ներկայացնել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

«Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրենը ևս ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը․ Վեդ Մանի Թիվարին առաջարկել է ՀՀ դեսպանության աջակցությամբ ծրագիր իրականացնել Հնդկաստանի աշխատանք փնտրող քաղաքացիների համար՝ նախապես ծանոթացնելով ՀՀ իրավական դաշտին, աշխատանքի հնարավորություններին և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես, աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև 2022 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերված պարտավորություններին՝ կարևորելով փաստաթղթով նախատեսված կետերի ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված հարցերին։

Ըստ որոշ տվյալների, Հայաստանում մոտ 30,000 հնդիկ է ապրում, որոնց մեծ մասը աշխատանքային միգրանտներ են։ Կան նաև ուսանողներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---