Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Ցույցի ժամանակ 14 մարդ է ձերբակալվել

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Ցույցի ժամանակ 14 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ապրիլի 15-ի առավոտյան սկսված և հետո ոստիկանների հետ բախման վերաճած բողոքի ակցիայի ժամանակ 14 մարդ է ձերբակալվել։ ՆԳն–ն հայտնել է, որ մեկ ոստիկան է տուժել։

Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս մեկ տարի առաջ, սակայն, զանգվածային բողոքի ցույցերի պատճառով այն հանվել էր օրակարգից։

Բողոքի ցույցերը մեկնարկել էին ապրիլի 15–ի առավոտյան, երբ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Ըստ օրինագծի, ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները, որոնք ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում են արտերկրից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ուժի շահերը ներկայացնող կազմակերպություն, գրում է BBC-ն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դա անհրաժեշտ է դրամաշնորհների ստացման թափանցիկությունն ապահովելու համար։ Սակայն ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ լրագրողները հայտարարել են, որ օրինագիծը քննադատությունը Վրաստանում ճնշելու և նրա անդամակցումը ԵՄ–ին կանխելու փորձ է։ Նրանք կարծում են, որ ներկայացված օրինագիծը պատճենում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։

Օրինագծի քննարկման ժամանակ Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ինքը չի վավերացնի օրենքը։ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։

ԱՄՆ–ն խորը մտահոգություն է հայտնել օրենքի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ապրիլի 16–ի օրվա երկրորդ կեսին ցուցարարները վերսկսելու են բողոքի ակցիան։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---