Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը քանդել է Շուշիի 1818 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և արբանյակային լուսանկարներ հրապարակել։

Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրության։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները:

«Ադրբեջանը հիմնահատակ քանդել է օկուպացված Շուշիում գտնվող 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել էին Կանաչ ժամի գմբեթները՝ հայտարարելով, թե «իրականում դա ուղղափառ եկեղեցի է և որպես ուղղափառ պետք է գործի»։

44–օրյա պատերազմից հետո Արդբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային, կրոնական, ինչպես նաև հասարակական շենքեր ու շինություններ, գերեզմանոցներ ու հուշակոթողներ, ինչը լրացուցիչ թափ է ստացել 2023–ի սեպտեմբերին Արցախի լիակատար հայաթափումից հետո։ Ադրբեջանցիները քանդել են Շուշիի սբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը: Շուշիում ոչնչացված հուշակոթողներից է նաև Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։

Ադրբեջանցիները քանդել են նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---