ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները

ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները, իսկ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից:

«Մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգությունները Հայաստանի և հայության դեմ։ Ակնհայտ է, որ հետևողականորեն թելադրվող մի շարք նախապայմաններից է նաև ցեղասպանության մեղադրանքի միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարվելու պահանջը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները։

Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ օրերս արվեցին հայտարարություններ, որոնք մինչև այսօր առաջ են քաշվել պաշտոնական Անկարայի կողմից և հանդիսանում են բացառապես թուրքական թեզեր: ՔՊ-ական իշխանության այս դիրքորոշումը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն միտված անհանդուրժելի քայլ է։ Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դեմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն, փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից, որը հաստատված է հայ և օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից և ընդունվել ու դատապարտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատյանների, բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների խորհրդարանների ու կառավարությունների և պետությունների ղեկավարների կողմից: Այս նույն համատեքստում փորձ է արվում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը։

Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանության դրսևորած այս ժխտողական կեցվածքը հետևողական շարունակությունն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրված քաղաքականության: Իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված, խաղաղության հասնելու ՀՀ ներկա իշխանությունների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը, ինչը հակասում է միջազգային իրավունքին։

Հատկանշական է, որ դատապարտելի այս քաղաքականությունն իրականացվում է այն պայմաններում, երբ Անկարա-Բաքու առանցքը ցեղասպանություն գործադրեց Արցախի հայ բնակչության նկատմամբ և էթնիկ զտման ենթարկեց Արցախը: Հենց այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը Արցախում նույն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամյակներ շարունակ վերացնում է Արևմտահայաստանում: Կասկած չկա, սակայն, որ հայ ժողովուրդը, ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, և Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից»,- նշված է հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---