Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում

Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Տավուշի սահմանային հատվածների սահմանազատման նկարագրության արձանագրությունների ստորագրմանը, ասել է, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է արդեն կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվել։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արդեն 10 օր է Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում։

«Պետք է ասեմ, որ, օրինակ, արդեն մի շաբաթից ավելի կամ նույնիսկ 10 օր Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն։ Այսինքն՝ այն պահից, երբ սահմանային ձեզ հայտնի սյուները տեղադրվեցին, այսինքն՝ այդ հատվածում սյուների տեղադրման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո, սահմանապահ զորքերը տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն: Մյուս հատվածներում նույնպես այդ նույն գործընթացը տեղի կունենա»,–ասել է նա:

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---