Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել

Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել

PanARMENIAN.Net - Առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել:

Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, պատմել է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց է գնացել սահմանապահ զորքերի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եկել էին, որ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անեն, բայց գյուղացիները չթողեցին»,– ասել է Թամրազյանը` նշելով, որ ինքն ու հարևանը հրաժարվել են լքել իրենց տները։

Մարզպետից հետո Կիրանց է գնացել ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փորձել է զրուցել բնակիչների հետ, ներկա է եղել նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Վերջինս գյուղացիներին հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների` ադրբեջանցիները նոր գծվող սահմանից 10 մ հեռավորության վրա են կանգնելու։

Կիրանցի բնակիչներից մեկն ասել է. «Գյուղը կիսել են, թուրքին բերել կանգնեցրել են, ի՞նչ անվտանգության երաշխիք, իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։ ժողովրդի կարծիքը չեն հարցնում, ոնց ուզում են գծում են», հայտնում է Factor.am-ը։

Գյուղացիների դժգոհություններին ի պատասխան Գնել Սանոսյանն արձագանքել է, թե հասկանում է նրանց մտահոգությունը, և ամեն ինչ անելու են, որ կառավարեն իրավիճակը։

«Մենք չենք այդ սահմանը գծել, դա գծվել է 1976 թվականից և միջազգային իրավաբանորեն ճանաչված սահման է: Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն: Հենապատ ենք նաև կառուցելու»,- հավաստիացրել է նախարարը:

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---