Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ

Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ

PanARMENIAN.Net - Սյունիքի Կապան քաղաքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ խոնարհել են ԻԻՀ դրոշը։

Քաղաքացիները ծաղիկներ են դնում հյուպատոսարանի շենքի մոտ, գրում է «Հայկական ժամանակը»։

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում 5-օրյա սուգ է հայտարարել, խոնարհվել են պետական բոլոր գերատեսչությունների դրոշները, զանգվածային միջոցառումները՝ արգելվել:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։

«Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև ուղեկցող պատվիրակության և անձնակազմի զոհվելու մասին լուրը:

Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն: Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»,–ասվում է ցավակցական ուղերձում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իր հերթին, ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ Հայաստանում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլահյանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը: Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին և ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին:ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։

Մայիսի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Նշվում էր մառախուղն ու վատ եղանակը։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից հետո, որին մասնակցել է նաե Ադրբեջանի նախագահը։ Մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող տեղ են հասել։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն ԻԻՀ Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։Իրանում 5 օրյա սուգ է հայտարարվել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---