Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը

Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո շարունակում են ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը, հայտնում է Արմենպրեսը։

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- նշել է փոխդեսպանը։

Նա նաև հավելել է, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---