«Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում

«Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Դեսպան Հարությունյանն առանձնանշել է, որ Ադրբեջանն այս պահին Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման միջոցով վերացնում է բնիկ արցախահայության ներկայության հետքերը։

Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։ Ընդգծելով Արցախի հայկական ժառանգության պահպանման նշանակությունը՝ նա մեծապես կարևորել է այդ ուղղությամբ միջազգային ջանքերի անհապաղ գործադրումը՝ որպես համաշխարհային պատասխանատվության խնդիր։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությանը, կարևորել է նման գործողությունների կանխմանն ուղղված պայքարը՝ շեշտելով տվյալ արժեքների՝ համայն մարդկության ժառանգության մաս կազմելու հանգամանքը։

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---