Բաքուն դադարեցնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն իր տարածքում

Բաքուն դադարեցնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն իր տարածքում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն իր տարածքում դադարեցնելու մասին։ Կառույցի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն իրոք պահանջել է դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում՝ որպես իրավաբանական անձ գրանցման հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Minval.az-ը։

Նա նշել է, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ աջակցության խնդրանքով, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել։

Պրիմակովն ասել է, որ «Ռուսական տունը» պետք է շտապ լքի վարձակալվող տարածքը, քանի որ սեփականատերն այն վաճառելու է։

«Բանն այն է, որ և ՌԴ դեսպանությունն Ադրբեջանում, և մեր ներկայացուցչությունը, և ԱԳՆ–ն այս տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ԱԳՆ–ին՝ խնդրելով աջակցել գրանցման հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, սակայն, մեր կոչերը միշտ անպատասխան են մնացել»,–ասել է Պրիմակովը «Ռոսիա 24»–ի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «ԲաքուՏՎ»-ն, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» վերահսկողության տակ գտնվող «Ռուսական տունը» որակել են որպես «սեպարատիզմի որջ և լրտեսների բույն»։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշակի լարվածություն է առաջացել Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարից հետո, երբ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, արտաքին ազդեցության է ենթարկվել Չեչնիայի օդային տարածքում։ Օդանավում եղած 67 ուղևորներից միայն 29-ն է փրկվել։

Ադրբեջանը նման որոշում է կայացրել նաև ամերիկյան USAID գործակալության նկատմամբ՝ դեռևս նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ այդ կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---