Սաուդյան Արաբիան պատրաստ է հյուրընկալել Թրամփ-Պուտին հանդիպումը![]() 15 փետրվարի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնում հյուրընկալելու ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հրապարակած հայտարարությամբ հաստատել է իր աջակցությունը գագաթնաժողովն Էր Ռիյադում անցկացնելու գաղափարին, հայտնում է The Kyiv Independent-ը։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը նախ խոսել է Պուտինի հետ փետրվարի 12-ին՝ հետագայում նշելով, որ երկու առաջնորդները կարող են հանդիպել Սաուդյան Արաբիայում՝ Ուկրաինայում պատերազմի ավարտին հասնելու բանակցությունների շրջանակում։ «Թագավորությունը (Սաուդյան Արաբիան) իր ողջույնն է հայտնում գագաթնաժողովի հյուրընկալմանը Սաուդյան Արաբիայում և վերահաստատում է իր շարունակական ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատմանը»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։ Սաուդյան Արաբիան 2023 թվականի օգոստոսին արդեն հյուրընկալել է միջազգային գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի խաղաղության բանաձևին։ Բացի այդ, երկիրը նշանակալի դեր է խաղացել Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացում։ Այդուհանդերձ, Էր Ռիյադը շարունակում է պահպանել սերտ տնտեսական հարաբերություններ Մոսկվայի հետ, որոնք էլ ավելի են խորացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց և Արևմուտքի հետ տնտեսական մեկուսացման ֆոնին։ Անորոշ է մնում Ուկրաինայի ներգրավվածության աստիճանը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում։ Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին հայտնել է, որ նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու տարբեր թեմաներ, ներառյալ Ռուսաստանի կողմից բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների հարցը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են սկսել աշխատել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Սակայն Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ համատեղ ծրագիր լինի։ Կիևը պնդում է, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ բանակցություններ և Ռուսաստանի լայնածավալ պատերազմի դադարեցման քննարկումներ չպետք է անցկացվեն առանց Ուկրաինայի մասնակցության։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |