Հուլիսի 18–ին կբացվի Ազնավուրի արձանը

Հուլիսի 18–ին կբացվի Ազնավուրի արձանը

PanARMENIAN.Net - Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են: Արձանի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 18-ին, հայտնում է քաղաքապետարանը։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ քանդակը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում՝ նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի հուշարձանի փոխարեն, հայտնում է Sputnik Արմենիան։

Բաստիեն-Լեպաժի բրոնզե արձանը կտեղափոխեն մայթին մոտ։

«Մնացել են վերջին շտրիխները, աշխատանքն ավարտման փուլում է։ Քանդակը ձուլվում է Գյումրիում, այս շաբաթ այն կտեղափոխեն Երևան», - ասել է Հովհաննիսյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։

Բաստիեն-Լեպաժի բրոնզե արձանը Հայաստանին է նվիրաբերվել անկախության 20-ամյակի առթիվ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---