Լուվրից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

Լուվրից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

PanARMENIAN.Net - 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կբացվի՝ կբերվեն Լուվրի հավաքածուից ավելի քան մեկ տասնյակ նշանակալի նմուշներ՝ անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ։ Այդ մասին ասվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հանդիպմանը։

«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց»,– նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանի թանգարանները զգալի աշխատանք են իրականացրել միջազգային ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել շարունակական և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական ու ամուր կապերը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել երկկողմ փոխգործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Նախարարը կարևորել է ֆրանսերենի դասավանդման խթանմանը միտված ծրագիրը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում», որի շրջանակում վերապատրաստվել է մոտ 240 ուսուցիչ։ Նա անդրադարձել է նաև Բարբիզոնի մշակութային կենտրոնում կազմակերպված «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահի բարձրարժեք աշխատանքներ։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ձևավորված է վստահության վրա հիմնված արդյունավետ գործընկերություն՝ ընդգծելով նոր նախաձեռնությունների իրականացման և համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՖՀՀ-ի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման զարգացմանը վերաբերող հարցեր։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---