«Յուվենտուսի» ակադեմիան սկսել է նախագրանցումը․ Ամսական ուսման վարձը կազմելու է 164,000 դրամ

«Յուվենտուսի» ակադեմիան սկսել է նախագրանցումը․ Ամսական ուսման վարձը կազմելու է 164,000 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիան հայտարարել է նախագրանցման մեկնարկը։

Իտալական աշխարհահռչակ ակումբի հայաստանյան ակադեմիայի ղեկավարները ներկայացրել են ծրագրի վերաբերյալ մանրամասներ։ Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը, տնօրեն Ալբերտ Աբրահամյանը և Իտալիայից ժամանած տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրի նպատակներն ու տեսլականը, ուսումնական մեթոդաբանությունը, կառավարման և մարզչական կազմի ձևավորման հիմնական ուղղությունները և այլ կարևոր մանրամասներ, հայտնում է Factor.am-ը:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան բացվելու է այս տարվա օգոստոսին։ Երևանում այն ունենալու է երկու մարզաբազա՝ մեկը Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), մյուսը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Վերջինիս տարածքում կառուցվելու է 1600 հանդիսատեսի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտ։

Մեկնարկային տարում ընդունելությունը նախատեսվում է 5-12 տարեկան երեխաների համար՝ առավելագույնը 1000 մասնակցով, իսկ հաջորդ տարիներին տարեկան մինչև 100 նոր երեխայի ներգրավմամբ։

Ամսական ուսման վարձը կազմելու է 164 000 դրամ։ 5-10 տարեկանների համար նախատեսվել են միայն վճարովի խմբեր, իսկ 11-12 տարեկանների դեպքում տեղերը սահմանափակ են լինելու՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար (սելեկցիայի հիման վրա)։

Ընդհանուր առմամբ ակադեմիայում հնարավորություն է լինելու մարզվելու մոտ 1500 երեխայի, որոնցից 100-ը կստանան անվճար մասնակցության հնարավորություն, այդ թվում՝ 40-ը մարզերից։

Ֆուտբոլային կրթական ծրագիրը ներառելու է 5-17 տարեկան տղաների և աղջիկների համար միջազգային մակարդակի ուսուցում «Յուվենտուսի» պաշտոնական մեթոդաբանությամբ, ինչպես նաև մարմնամարզություն՝ ֆիզիկական զարգացման համար, իտալերենի և անգլերենի ուսուցում, մաթեմատիկա և շախմատ՝ տրամաբանության և կոորդինացիայի զարգացման նպատակով։ Նախատեսվում է նաև տարեկան ամբողջական բժշկական զննում «Medicina Dello Sport»-ում։

Տարեկան փաթեթը ներառելու է համազգեստի ամբողջական հավաքածու, բժշկական ստուգումներ (անալիզներ, ԷՍԳ, էխո, սոնոգրաֆիա և այլն), վնասվածքների ապահովագրություն, «Յուվենտուս» ՖԱ-ի պաշտոնական մարզման ծրագիր, տարիքին համապատասխան ֆիթնես, սպորտային հոգեբանի աջակցություն, սննդաբանի խորհրդատվություն, լեզուների ուսուցում, առողջ սնունդ մարզումների ընթացքում, ինչպես նաև մասնակցություն Juventus Academy World Cup-ին՝ լավագույն թիմերի համար։ Ընտրված խաղացողները հնարավորություն են ունենալու մարզվելու Թուրինում։

Ակադեմիան ապահովվելու է ժամանակակից ենթակառուցվածքներով՝ փակ տարածքներով և բարձր անվտանգության համակարգով, հյուրանոցային կացարանով մարզերից ժամանած երեխաների համար, բնական և արհեստական խոտածածկով 13 խաղադաշտով, մարզասրահով, փակ մարզման դաշտերով, 18 հանդերձարաններով և ժամանցի գոտիներով։

Նախատեսվում են նաև եվրոպացի մարզիչների համար կացարաններ, LED լուսարձակային համակարգ լուսային շոուի հնարավորությամբ, ինչպես նաև էկոլոգիական լուծումներ՝ արևային վահանակներ և անձրևաջրերի վերաօգտագործման համակարգեր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---