Գաթանախշը, ձկով տոլման, ավանդական խաղերը՝ ՀՀ մշակութային ժառանգության համալրված ցանկում

Գաթանախշը, ձկով տոլման, ավանդական խաղերը՝ ՀՀ մշակութային ժառանգության համալրված ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12-ով, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Նոր ընդգրկված տարրերն են՝

  • «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
  • «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
  • «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Խաբ ու խազ (կաթփոխ)»
  • «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
  • «Թաք ծաղկեցավ» երգ
  • «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
  • «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
  • «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
  • «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
  • «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում:

Գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---