«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Լեհաստանը. ՀՀ-ն 3-րդն է![]() 7 հունիսի 2026 - 11:23 AMT PanARMENIAN.Net - «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը, իսկ Հայաստանի մասնակից Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մրցույթը հյուրընկալվել է Երևանում՝ հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ստոչելը կատարել է Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյանը։ Նա կատարել է Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը, հայտնում է Արմենպրեսը: Հայաստանի ներկայացուցիչը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Նա կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ «Դասական Եվրատեսիլին» մասնակցել են ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար և մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից։ Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոն վարել են Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։ Հաղթողն ընտրվել է ժյուրիի քվեարկության արդյունքներով։ Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված են եղել գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլում» Հայաստանը առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը գրանցվել է 12 տարի անց՝ 2024 թվականին, երբ Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում դրված են եղել հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշները։ Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայացել է որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության համախմբման հարթակ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |