Իջևանում նոր մարզադաշտի նախագծման համար կհատկացվի 177.8 մլն դրամ

Իջևանում նոր մարզադաշտի նախագծման համար կհատկացվի 177.8 մլն դրամ

PanARMENIAN.Net - Իջևանում ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող, 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների նպատակով ՀՀ պետական բյուջեից կկատարվի վերաբաշխում, որի շրջանակում կհատկացվի 177 մլն 820 հազար դրամ։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար։ Այդ նպատակով Հայաստանում վերանորոգվում, վերակառուցվում կամ կառուցվում են տարբեր քաղաքների մարզադաշտեր։ Մրցաշարի ընթացքում Երևանում նախատեսվում է անցկացնել մինչև 20 հանդիպում, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 հանդիպում։

Անդրեասյանի խոսքով՝ նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո կընդունվեն շինարարական փուլի վերաբերյալ անհրաժեշտ որոշումները։

Նախարարը նշել է, որ Իջևանի մարզադաշտի կառուցման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի հունվարը։

Նա նաև տեղեկացրել է, որ այս և առաջնության նախապատրաստությանն առնչվող մյուս աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով ՖԻՖԱ-ն կտրամադրի համապատասխան մասնագիտական աջակցություն։ Այս տարվա օգոստոսի վերջին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ մինչ այդ կատարված աշխատանքները գնահատելու համար։

Մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---