Մովսիսյանը՝ Հայաստանի հավաքականի ԱԱ-ում հայտնվելու մասին․ «Համակարգային աճի հարց է»

Մովսիսյանը՝ Հայաստանի հավաքականի ԱԱ-ում հայտնվելու մասին․  «Համակարգային աճի հարց է»

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է ազգային թիմի ներկայիս վիճակին և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություններին, գրել է armsport.am-ը ՌԲ «Սպորտի» վրա հղումով:

Այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 19-ը։ Սա Մունդիալների պատմության մեջ առաջին մրցաշարն է, որին մասնակցում է 48 հավաքական, ինչի շնորհիվ տարբեր երկրների համար զգալիորեն մեծացել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ հասնելու հնարավորությունները։

Մովսիսյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունն ու կհայտնվի աշխարհի առաջնությունում:

«Մենք՝ հայերս, կհայտնվենք աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ (ծիծաղում է)։ Իսկ եթե լուրջ, սա համակարգային աճի հարց է։ Առայժմ հավաքականը պատրաստ չէ կայուն կերպով բարձր մակարդակով հանդես գալ, ինչը թույլ կտար մրցակցել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Եվ պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլն ամենաբարդն է աշխարհում, այստեղ հեշտ մրցակիցներ չկան։ Յուրաքանչյուր հանդիպում փորձություն է։ Բայց քայլ առ քայլ առաջընթացն իրագործելի է»,-ասել է նա:

Մովսիսյանն ասել է, որ փորձում է նայել Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը։

«Երևում է, որ հավաքականում սերնդափոխություն է ընթանում. մարզչական շտաբը հնարավորություն է տալիս ներքին առաջնության երիտասարդ ֆուտբոլիստներին։ Սա ճիշտ ճանապարհ է. առանց յուրայինների հանդեպ վստահության հնարավոր չէ ուժեղ թիմ կառուցել:

Չէի ցանկանա անուններ հնչեցնել, որպեսզի տղաների վրա ավելորդ ճնշում չստեղծեմ։ Գլխավորը ճիշտ զարգանալն է և իրադարձություններն արագացնելուց խուսափելը։ Բայց Հայաստանում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա լավ մակարդակ են ցուցադրում և ապագայում կարող են տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ»,-նշել է նա։

ԱԱ-ում անցկացվում են 1/16 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքում պայքարն արդեն ավարտել են Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---